Բնապահպանական կրթությունը դպրոցներից մեկում

բնապահպանական կրթությունբնապահպանական կրթությունբնապահպանական կրթությունArmenian ladyբնապահպանական կրթություն բնապահպանական կրթություն

«Փոքրիկ իշխան»

Հայաստանի մայրաքաղաք Երևանում «Փոքրիկ իշխան» կրթահամալիրը աչքի է ընկնում շրջակա միջավայրի պահպանությամբ և կայուն զարգացմամբ։ Կրթահամալիրը գրեթե միշտ մասնակցում է բնապահպանական տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող զանազան միջոցառումների: Տարիների ընթացքում կրթահամալիրը իրականացրել է մի շարք բնապահպանական և քաղաքացիական ծրագրեր, վերհանել իրենց համայնքին վերաբերող բնապահպանական հիմնախնդիրներ, դրանց լուծման ուղղությամբ կազմակերպել միջոցառումներ:

Կրթահամալիրը հարուստ է բազմաթիվ բույսերով, կենդանիներով, այնտեղ կան կենդանի բնության անկյուններ՝ ակվարիումներով և սոխակների մեծ թռչնավանդակով, ինչպես նաև հանքանյութերի մեծ հավաքածոներով։ Երեխաներն ամենից շատ սիրում են այցելել սոխակներին: Թե՛ ուսուցիչները, և թե՛ երեխաները հավասարապես հոգ են տանում դպրոցի բուսական և կենդանական աշխարհի պահպանության մասին: Միջանցքների և աստիճանների հարակից պատերին ցուցադրված են տարբեր աշխատանքներ.  գեղանկարչական մրցույթի նկարներ, բնական և վերամշակված նյութերից պատրաստված արվեստի գործեր, օրինակ՝ պլաստիկ շշերից պատրաստված տարբեր աշխատանքներ, կտորից կարված էկո պայուսակներ և շատ ու շատ ձեռքի այլ աշխատանքներ: Կրթահամալիրում գործում է էկո-խմբակ, որի նպատակն է գործնական աշխատանքների միջոցով ավելի խորացնել և ամրապնդել ձեռք բերած էկո գիտելիքներն ու հմտությունները:

 

Կրթահամալիրում երեխաներն օրական երկու անգամ սնվում են: Ամեն օր աշակերտները, ուսուցիչներն ու խոհանոցի աշխատակիցները տեսնում են, թե որքան մնացորդային սնունդ է թափվում: Ահա թե ինչու մեկնարկեց «Կրճատենք սննդային թափոնները» նախագիծը, որի նպատակն է սննդամթերքի նպատակաուղղված օգտագործումը՝ բնական ռեսուրսների պահպանության համար: Աշակերտներն իրենք իրենց հարց տվեցին, թե ինչպես կարող են կրճատել սննդի թափոնները կրթահամալիրում, քանի որ Հայաստանում աղբը չի վերամշակվում: Աշակերտները սննդային թափոնները արագ կոմպոստացրին, որը հողը հարստացրեց բույսերի համար սննդարար տարրերով: Դպրոցի հարակից այգում ստեղծեցվեց փոքրիկ կանաչ օրգանական բանջարանոց: Ստացվեց էկոլոգիապես մաքուր և օգտակար բանջարեղեն, որն օգտագործվում է կրթահամալիրի խոհանոցում: Նախագծի աշխատանքները շարունակելու համար առաջարկվեց դպրոցամերձ հողամասում կառուցել փոքրիկ ջերմոց բանջարեղեն աճեցնելու համար, որից կօգտվեն կրթահամալիրի աշակերտները:

Էկո-նախագիծը՝ «Կրճատենք սննդային թափոնները» ներկայացվել է Գյոթեի անվ. գերմաներեն լեզվի ինստիտուտի կողմից կազմակերպված «Դպրոցը՝ հանուն շրջակա միջավայրի»  բնապահպանական միջազգային մրցույթին և ընտրվել ժյուրիի անդամների կողմից: Արդյունքում նախագծին մասնակցող 3 լավագույն աշակերտները և ծրագիրն իրականացնող ուսուցիչները  հրավիրվել են Գերմանիայում կայանալիք միջազգային բնագիտական համաժողովին, որին կմասնակցեն 20 տարբեր երկրների ներկայացուցիչներ: Քանի որ աշակերտները տիրապետում են գերմաներեն լեզվին, ուստի երեք աշակերտների և երկու ուսուցիչների համար լեզվական խոչընդոտներ չեն լինի։ Նրանք 2018 թ. մայիսին 4 օրով կմեկնեն Բեռլին` ներկայացնելու իրենց ծրագիրը, դպրոցն ու Հայաստանում իրականացվող բնապահպանական աշխատանքները:

Շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման կարևոր խնդիրները լուծելու համար դպրոցի ստեղծագործական միտքն ու նվիրումը կարելի է տեսնել «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի յուրաքանչյուր անկյունում: Այն Հայաստանի համար իրական մոդել է: Անչափ հպարտ ենք մեր գործընկեր դպրոցներով և ուսուցիչներով: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Սիմոնյանին, Օֆելյա Նազարյանին և տնօրեն Մարիա Խախամյանին: