«Էյ Թի Փի»-ի անիմացիոն սոցիալական գովազդը անտառային հրդեհների կանխարգելման մասին

«Էյ Թի Փի»-ն թողարկել է  անիմացիոն սոցիալական գովազդ անտառային հրդեհների կանխարգելման մասին

 

Անցյալ ամառ Խոսրովի արգելոցում բռնկված  խոշոր հրդեհից  հետո «Էյ Թի Փի»  բարեգործական հիմնադրամն անմիջապես ձեռնարկեց հանրությանը իրազեկելու աշխատանքներ՝ շեշտադրելով Հայաստանի  առանց այդ էլ սակավ անտառների պահպանության հարցում նրանց դերակատարման կարեւորությունը։  Եվրոպայի և Կալիֆոռնիայի նման Հայաստանը ևս անմասն չի մնացել կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած խնդիրներից, քանի որ  երաշտներից և  կտրուկ եղանակային տատանումներից տուժում է նաև մեր երկիրը։

 

Գիտակցելով  անտառային հրդեհների ստեղծման և կանխարգելման գործում մարդկանց դերը և կարևորելով  կրթության նշանակությունը՝ «Էյ Թի Փի»-ն մեկնարկել է պաստառային քարորզարշավ, որտեղ մանրամասն նշված են մարդածին հրդեհներից խուսափելու եղանակները։ Այդ պաստառները տրամադրվել են դպրոցներին, համայնքային տարբեր կառույցներին, ինչպես նաև սփյուռքի մեր գործընկեր դպրոցներին։

 

«Էյ Թի Փի»-ի Կառուցենք կամուրջներ կրթական ծրագրի շրջանակում Ալիկ Արզումանյանի կողմից ստեղծված կերպարներից մեկը՝  Գամփռ Չալոն,  հանդես է գալիս ծառերի անունից։ Չալոն կրթում է հրդեհների կանխարգելման, արշավների և ճամբարների ընթացքում կրակի հետ վարվելու կանոնների, չոր և  խոտածածկ տարածքներում կայանելու հետևանքների, ինչպես նաև ծխախոտի ճիշտ մարման եղանակների մասին։

 

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ «Էյ Թի Փի»-ն այս ամառ թողարկել է սոցիալական հոլովակ, որտեղ գլխավոր դերում Չալոն է։ Կարճ մուլտիպլիկացիոն այս հոլովակը կարող եք դիտել «Էյ Թի Փի»-ի վեբ կայքում, YouTube-ում  և Facebook սոցիալական ցանցում։

 

«Մեր ծրագիրը ամբողջությամբ հիմնված է համագործակցային կապերի վրա, ուստի, երբ որոշեցինք ստեղծել անտառային հրդեհների վերաբերյալ կրթական տեսահոլովակ, անմիջապես միտք ծագեց դիմել Թումոյին, քանի որ նրանք գերազանց գործընկեր են»,- նշեց «Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը։

 

Նույն ժամանակահատվածում ռուս նկարիչ-մուլտիպլիկատոր Մաքս Լիտվինովի գլխավորությամբ  Թումոյում անցկացվում էր երկշաբաթյա անիմացիոն սեմինար։  «Էյ Թի Փի»-ն  Թումոյի պատրաստած սոցիալական գովազդի դիմաց հանձն առավ վճարել սեմինարի գումարը։  Վերջինս ֆինանսավորվել է  Թոմաս Կույումջյան ընտանիքի հիմանդրամի հովանավորությամբ ստեղծված «Կառուցենք կամուրջներ» ծրագրի շրջանակում։

 

Թումոյի անվճար ծրագրերի շրջանակում կազմակերպված  այս սեմինարի ընթացքում Մաքսը 16 հոգանոց աշակերտական խմբին սովորեցնում էր մուլտիպլիկացիոն տարբեր հմտություններ, և հենց այդ ընթացքում էր, որ ստեղծվեց «Էյ Թի Փի»-ի սոցալական գովազդը։

 

«Էյ Թի Փի»-ն առաջնահերթություն է տալիս բնապահպանական կրթությանը։  Ուստի հուսով ենք, որ այս  ֆիլմը կդիտեն Հայաստանի և սփյուռքի բոլոր երիտասարդներն ու մեծահասակները, քանի որ հրդեհների վտանգը օրեցօր ավելանում է։ Ավելին, մենք նախատեսում ենք այն ցուցադրել հեռուստատեսությամբ, էկո-ակումբներում և կինոփառատոններում։ Ցանկացած միջավայրում այս ուղերձն ունենալը կօգնի կանխարգելել հրդեհներն ու  պաշտպանել ծառերը, որոնք այսօր տնկում ենք: Ի դեպ, եթե որևէ մեկը կարող է օգնել մեզ այս տեսահոլովակը տարածելու հարցում, խնդրում ենք կապվել մեզ հետ Հայաստանում կամ ԱՄՆ-ում, որպեսզի միասին կարողանանք լուծել այս խնդիրը»,- նշեց Հիմնադրամի տնօրեն  Ջինմարի Փափելյանը։