Երկրի օրը Արարատի SPARE-դպրոցում

Արարատ քաղաքի Պ․Սևակի անվան N-2 հիմնական դպրոցում ավանդույթ է դարձել նշել էկոլոգիական տոները։ Այս անգամ նշում էինք Երկրի օրը։ Միջոցառումը, իրենց փոքրիկ համախոհների համար, կազմակերպել էին Էներգիայի և ռեսուրսների օգտագործում առարկան սերտած մեր նախկին սաները։
Դպրոցի սրահում կազմակերպված շնորհանդեսին, 8-րդ դասարանի աշակերտուհի Հայարփի Խաչատրյանը խոսեց օրվա կարևորության և խորհրդի մասին, իսկ 7-րդ դասարանցիներ Ալվինա Գաբրիելյանն ու Ռուզաննա Հովհաննիսյանը հետաքրքիր տեղեկություններ ներկայացրեցին Երկիր մոլորակի մասին։
Այնուհետև, երեխաներն իջան դպրոցի այգի՝ ծառերին ամրացնելու իրենց պատրաստած կերամաններն ու թռչնաբները։
Միջոցառմանը անմասը չմնացին նաև 5-րդ և 6-րդ դասարանի Բնագետները։ Նրանք դպրոցի բակում նոր ծառեր և ծաղկաթփեր տնկեցին։ Մեր սաները պատրաստել էին պաստառներ՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանման խնդիրներին, ինչն ամրացրին բակի ծառին՝ ի ցույց և հուշելու համար մեծերին բնության պահպանության կարևորության մասին։
Գոհար Մարտիրոսյան՝
ք․ Արարատի թիվ-2 հիմնական դպրոցի SPARE-ուսուցիչ։