«Բաց Դաս» 34 SPARE-աշակերտների համար


Սույն թվականի հոկտեմբերի 12-ին Ճամբարակի N 2 և Քասախի N 2 դպրոցների SPARE- աշակերտները մասնակցեցին արդեն 10 տարի շարունակ «Տապան» Էկո-ակումբի կողմից կազմակերպվող «Բաց դաս»-ին: «Բաց դասը» անց է կացվում Մեծամոր քաղաքում գտնվող Հայաստանի Ատոմային Էլեկտրակայանում և Մեծամորի պատմագիտական թանգարանում:
Միջոցառման առաջին կեսին երեխաները այցելեցին ԱԷԿ-ի ուսումնավարժական կենտրոն, որտեղ աշակերտներին մանրամասնորեն ներկայացվեց ԱԷԿ-ի հիմնադրման պատմությունը, նրա ռազմավարական, տնտեսական և սոցիալական կարևորությունը: Աշակերտները, որոնք «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» առարկայի շրջանակներում արդեն ուսումնասիրել էին ԱԷԿ-ի գործունեության սկզբունքները, տվեցին իրենց հուզող հարցերը՝ ԱԷԿ-ի աշխատանքի և անվտանգության վերաբերյալ: Այնուհետև աշակերտներին ուղղորդեցին մանրակերտների սրահ, որտեղ ամենայն մանրամասնությամբ ներկայացված էր Ատոմակայանի առանձին բաղադրիչների աշխատանքի սկզբունքները: Արդյունքում երեխաների գիտելիքները Ատոմակայանի և ընդհանրապես էներգիայի արտադրման վերաբերյալ ամրապնդվեցին և թեորետիկից դարձան տեսական:
Միջոցառման երկրորդ կեսին SPARE- աշակերտները այցելեցին Մեծամորի պատմագիտական թանգարան, ուր մեծ հետաքրքրությամբ և ուշադրությամբ ուսումնասիրում էին ներկայացված 5000-ամյա պատմություն ունեցող էքսպոնատները:
«Տապան» Էկո-ակումբ ՀԿ-ն և SPARE նախագիծը իր շնորհակալություն են հայտնում Մեծամորի ատոմակայանի անձնակազմին , ՀՀ էներգետիկայի նախարարությանը և Մեծամորի պատմահնագիտական թանգարանի աշխատակիցներին՝մեր աշակերտներին կրթելու և տեղեկացվածությունը բարձրացնելու խնդրում ցուցաբերած մեծ աջակցության ու համագործակցության համար:
SPARE-ուսուցիչներ՝ Մարինե Մուրադյան և Պայծառ Ղազարյան